Մենք՝ որպես Միացյալ Թագավորությունում Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների Խորհուրդ, խորապես մտահոգված ենք Հայաստանում վերջին զարգացումներով, հատկապես  հունիսի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ոստիկանության ներխուժման և Հայ Առաքելական Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների կալանավորման կապակցությամբ։

Ուժի կիրառումը սրբավայրում և բարձրագույն հոգևորականների դեմ ուղղված գործողությունները լուրջ մտահոգություն են հարուցում՝ կապված կրոնի ազատության և պետական իշխանության ու կրոնական կյանքի միջև հստակ սահմանների  պաշտպանության հետ։

Նման գործողությունները առավել ևս, երբ ուղեկցվում են պառակտում և անվստահություն սերմանող հանրային հռետորաբանությամբ,  վտանգում են ժողովրդավարական արժեքները, օրենքի գերակայության գաղափարը, ինչպես նաև արժանապատվության և փոխադարձ հարգանքի սկզբունքները, որոնք խաղաղ, համերաշխ և համընդգրկուն հասարակության հիմնասյուներն են։

Հայ Առաքելական Եկեղեցին, որն ամենահին քրիստոնեական եկեղեցիներից է, ոչ միայն հայ ժողովրդի հոգևոր կյանքի առանցքն է, այլև ազգի պատմական և մշակութային ինքնության պահապանը։ Դարերով Եկեղեցին եղել է աշխարհասփյուռ հայ ժողովրդի միասնության, բարոյական առաջնորդության և տոկունության աղբյուր։

Հայոց Եկեղեցին քրիստոնեական մեծ ընտանիքում բարձր հարգանք է վայելում,  այն ունի ամուր հարաբերություներ էկումենիկ շարժման հետ։ Իր անսասան աստվածաբանական և հովվական վկայությամբ  Հայ Եկեղեցին նպաստել է միջեկեղեցական երկխոսության խորացմանը, համերաշխության հաստատմանը և մարդկային արժանապատվության պաշտպանությանը։ Այս ոգով կոչ ենք անում  հանդարտության, փոխըմբռնման և երկխոսությանը՝ իբրև ազգային վերածննդի և ապաքինման ճանապարհի։  

Հարգանքով կոչ ենք անում՝

— Որպեսզի Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավատարիմ մնա իր սահմանադրական և միջազգային պարտավորություններին՝ ապահովելու կրոնի և դավանանքի ազատությունը և ձեռնպահ մնա այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել կրոնական հաստատությունների անկախությունը ու ամբողջականությունը։

— Որպեսզի դադարեցվի Հայ Առաքելական Եկեղեցու ներգրավումը քաղաքական գործընթացներում, իսկ բոլոր կալանավորված հոգևորականները կամ ազատ արձակվեն, կամ ենթարկվեն արդար և անաչառ դատավարության՝ համաձայն արդարադատության և օրինական ընթացակարգի սկզբունքների։

Այս զգայուն ժամանակահատվածում մենք վերահաստատում ենք մեր եղբայրական զորակցությունը Հայ Առաքելական Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հետ։

Մենք աղոթում ենք, որ տիրեն իմաստությունն ու զսպվածությունը, և բոլոր կողմերը առաջնորդվեն արդարության, ազգային միասնության և Հայաստանի կյանքում Եկեղեցու սրբազան դերի գիտակցությամբ։

Միացյալ Թագավորության և Իռլանդիայի Հանրապետության

Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների Խորհուրդ

2025 թ. հուլիսի 14

About The Author

By iamc